ՌԴ–ում 2 ավտոմեքենայից մոտ 11,5 կգ մաքսանենգ ոսկի է հայտնաբերվել

17:15 • 05.11.16

Յակուտիայից փորձել են Հյուսիսային Կովկասի շրջան տեղափոխել 25 միլիոն ռուբլի արժողությամբ ոսկի: Ավտոմեքենայի սեփականատիրոջ ձերբակալության հատուկ գործողությունն իրականացրել են Ներյունգրինսկի շրջանի անվտանգության դաշնային ծառայության վարչության բաժնի աշխատակիցները: Այդ մասին հայտնում է YakutiaMedia լրատվական գործակալությունը:

Ներյունգրիում ադրբեջանցու պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 1 միլիոն ռուբլի արժողությամբ 430 գրամ քաշով ոսկի:

Հատուկ գործողության ընթացքում զննվել է նաև Ինգուշեթիայի Հանրապետության բնակչին պատկանող BMW X6 ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվել է ընդհանուր 10,9 կիլոգրամ քաշով ոսկի:

Արդյունաբերական ոսկին անօրինական ճանապարհով տեղափոխվում էր Հյուսիսային Կովկասի շրջան: Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի համաձայն՝ թանկարժեք մետաղի արժեքը կազմել է մոտ 25 միլիոն ռուբլի: