Թուրքիայում դատարանը կալանավորել է ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի 9 աշխատակցի
Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի ինը աշխատակից կալանավորվել է դատարանի որոշմամբ, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ կալանավորվածների թվում են թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն և թերթի առաջատար լրագրողները:
Երկուշաբթի Ստամբուլի դատախազությունը հայտնել էր, որ «Ջումհուրիյեթ» ընդդիմադիր թերթի ղեկավարությունը և լրագրողները կասկածվում են ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապերի համար, տրվել են նրանց ձերբակալության օրդերներ:
Հիշեցնենք, որ «Ջումհուրիյեթ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի ձերբակալության վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը` դատապարտելով ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի ձերբակալությունը:










