ԻՊ-ը պատանդ է վերցրել 1600 խաղաղ բնակչի, որոնց որպես կենդանի վահան են օգտագործում Մոսուլում

10:01 • 05.11.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները պատանդ են վերցրել 1600 խաղաղ բնակչի, որոնց որպես կենդանի վահան են օգտագործում Մոսուլում օդային հարձակումների ժամանակ։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ռավինա Շամդասանին։


Համաձայն կազմակերպության տեղեկության՝ ահաբեկիչները գերի են վերցրել քրդական, եզդիական և շիա մուսուլմանների համայնքից 400 կանանց։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ գերիներին բեռնատարներով բերում են հարակից տարածքներից։  Ծայրահեղականները բնակիչներին հրամայում են տներից դուրս գալ՝ սպառնալով պատժել չենթարկվողներին։


ՄԱԿ-ին տեղեկություն է փոխանցվել նաև, որ նոյեմբերի 2-ին ԻՊ-ը Մոսուլի արվարձաններից մեկում մահապատժի է ենթարկել 180 նախկին պետծառայողի։


Իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է հոկտեմբերի 17-ին, իրաքյան բանակին ու քրդական զորամիավորումներին աջակցում է նաև ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան։ Նշվում է, որ ահաբեկիչները մեծ կորուստներ են կրում։