Ռազմական ոստիկանը Վարդևան Գրիգորյանի եղբոր սպանության համար դատապարտվել է 3,3 տարի ազատազրկման
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 3,3 տարվա ազատազրկման է դատապարտել Գյումրու Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ ամբաստանվող ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Արման Կատունյանին:
Վճռի մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արման Կատունյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը: «Դատավորը վճիռը հրապարակել է հետևյալ կերպ՝ Արման Կատունյանին դատապարտել 3,3 տարի ժամկետով ազատազրկման, հետո հանեց նախնական կալանքի տակ եղած ժամանակահատվածը և ասաց, վերջնական պատիժ նշանակել 2 տարի 7 ամիս: Վճռի տեքստը ստանալուց հետո կանդրադառնամ վճռին»,- ասաց փաստաբանը:
Երվանդ Վարոսյանն ասաց, որ դատավճիռը բողոքարկվելու է փամփուշտ պահելու մասով, և բացի այդ, պաշտպանը վճիռն անհամաչափ է որակում.«Պատիժը համաչափ չէ, որովհետև մաքսիմալ պատիժը, որ 105 հոդվածով կարող է լինել 4 տարի ազատազրկումն է: Արման Կատունյանի նկատմամբ պատիժ սահմանվեց 3 տարի 3 ամիս ժամկետը: Դա անհամաչափ է այն պայմաններում, երբ գոյություն չունեն ծանրացնող հետևանքներ, ավելին՝ կան բազմաթիվ մեղմացնող հանգամանքներ»:
Նշենք, որ Արման Կատունյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով, սակայն դատարանի կողմից կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելուց հետո մեղադրանքը փոխվել էր: Ըստ փորձագետների եզրակացության՝ սպանության համար մեղադրվող Արման Կատունյանը դեպքի պահին իր գործողությունները կատարել է «կոմուլյատիվ աֆեկտի» վիճակում, իսկ նախաքննական մարմինը Ա. Կատունյանին նախկինում առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասից՝ սպանություն, վերավորակել էր, որպես «հոգեկան խիստ հուզմունքի վիճակում» կատարած սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Արման Կատունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ ` Ջեմմա Խաչատրյանի և հարևանությամբ բնակվող` Հարություն Գրիգորյանի միջև արտաամուսնական հարաբերությունները Հարություն Գրիգորյանի պահանջով պարզելու նպատակով,2014թ .հուլիսի 24-ին,ժ.11-ի սահմաններում,իր անձնական օգտագործման ավտոմեքենայով,կնոջ հետ գնացել էր Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամաս` Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսաքանդ շինության մոտ,որտեղ հանդիպել է Հարություն Գրիգորյանին և վերջինիս կողմից ամիսներ շարունակ,պարբերաբար դրսևորած հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում,ապօրինի կերպով ձեռք բերած,ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով լիցքավորված «ՊՄ» տեսակի CK 5004 P համարի ատրճանակով,յոթ անգամ կրակել է Հարություն Գրիգորյանի վրա և սպանել նրան:










