2013թ. համեմատ 2017թ. ՀՀ քաղաքացները 10%-ով ավելի վատ են ապրելու. տնտեսագետ

14:40 • 05.11.16

2013 թվականի համեմատ 2017 թվականին ՀՀ քաղաքացները 10%-ով ավելի վատ են ապրելու, որովհետև ՀՆԱ-ի մեջ սպառման մակարդակը 10%-ով նվազելու է: Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

«2017-ին՝ 2013 թվականի համեմատ մոտ 10% քիչ ենք սպառելու, այսինքն՝ մեր սպառման մակարդակը նվազեցնում ենք ՀՆԱ-ի մեջ, այն կլինի 91.2%: Հետևաբար, մեր բնակչությունը 2013 թվականի համեմատ 10%-ով վատ է ապրելու 2017-ին»- ասաց տնտեսագետը:

Տնտեսագետն անդրադարձավ մի քանի հիմնական ցուցանիշների, որոնք դրված են բյուջետային ուղերձի հիմքում, որի տրամաբանությունից ելնելով էլ կառուցվել է 2017 թվականի բյուջեն։

«Նախատեսվող տնտեսական աճը կազմում է 3,2%, որը ես բնորոշում եմ որպես իներցիոն աճ, իսկ դա եթե գնահատեմ թվային արտահայտությամբ, ապա դա 10-10,5 մլրդ կազմող ՀՆԱ-ի համար 350 մլն դոլարի հավասար գումար կկազմի, իսկ եթե դա բաշխում ենք 3 մլն մարդու վրա հավասարաչափ, յուրաքանչյուրի հաշվով 100 դոլար է կազմելու, իսկ եթե մենք հաշվի առնենք, որ մեր տնտեսության մեջ եկամուտներն անհավասարաչափ են բաշխված, հետևաբար նման աճի պարագայում լուրջ արդյունք ակնկալել չենք կարողանա»:

Անդրադառնալով ներդրումներին՝ տնտեսագետն ասած, որ բյուջեի ուղերձում գրված է, որ 2017 թվականին 19,1% են կազմելու ներդրումները ՀՆԱ-ի մեջ և դրանք 1,1%-ով քիչ են լինելու 2016 թվականի ցուցանիշներից։

«Այսինքն՝ Կառավարությունը խոսում է, որ պետք է ներդրումներն աճեն, բայց ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ նախատեսվում է, որ կկրճատվի: Սրանք բացասական միտումներ են: Ինչ վերաբերում է գնաճին, ապա 2017-ին կլինի 1,4% ինֆլյացիա: Պետական բյուջեի պակասուրդը 2016-ին կհասնի ՀՆԱ-ի 5,9 %-ի, այսինքն՝ գրեթե կրկնակի ավելի, իսկ 2017-ին այն կտրուկ իջեցվել է մինչև -2,8%»,– ասաց տնտեսագետը:

Խոսելով արտահանման և ներմուծման մասին՝ տնտեսագետը նշեց, որ այստեղ վարվող քաղաքականության մեջ կտրուկ տեղաշարժեր կան, որոնք հանգեցրել են նրան, որ  ներմուծման ծավալները կրճատվել են և շարունակում են կրճատվել։

Ի տարբերություն ներմուծման, Վիլեն Խաչատրյանը նշեց, որ արտահանման  բնագավառում  դրական տեղաշարժեր և բավականին  բարձր աճի տեմպեր կան, որն էլ իր հերթին  նպաստավոր է Կենտրոնական բանկի համար, քանի որ այդ պարագայում պահուստներն աճում են:

Անդրադառնալով պետական պարտքին՝ Վիլեն Խաչատրյանն ասաց, որ նախատեսվում է 2017 թվականին կոնկրետ պետական բյուջեի 8,8%-ն ուղղել պետական պարտքի սպասարկմանը:

Պետական  պարտքի մյուս միտումներին անդրադառնալով՝ տնտեսագետը նշեց, որ 2015-2016 թվականների համեմատ փոփոխությունը կազմելու է 790 մլն դոլար և պարտքը 2016 թվականի վերջին կհասնի 5 մլրդ 860 մլն դոլարի, իսկ 2017-ին Հայաստանը կգերազանցի 6 մլրդ-ի շեմը և պարտքը կհասնի 6 մլրդ 277 մլն դոլարի։

«Դա , կարծում եմ գերազանցելու է Հայաստանի ՀՆԱ-ի 60%-ի սահմանագիծը, և ստիպված են լինելու Ազգային ժողովում պարտքի շեմը բարձրացնելու քայլ անել: Դա է այն պատճառներից մեկը, որ 2016-2017 թվականի համեմատությամբ պարտքի չնչին աճ է նախատեսում, ընդամենը 411 մլն դոլար»,– եզրափակեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: