Կնոջը 2 ամիս շղթայած պահած ամերիկացին առնվազն 7 սպանություն է խոստովանել

17:20 • 06.11.16

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում ձերբակալված տղամարդը, որը մի քանի ամիս կին է պահել բեռնախցիկում, առնվազն յոթ սպանություն է խոստովանել:

Ինչպես նշում է NBC4 հեռուստաալիքը, երեքշաբթի օրը իրավապահները գյուղական բնակավայրում որոնումներ են իրականացնելիս եղել, երբ բարձր թխկոց են լսել կողպված մետաղյա բեռնախցիկից: Տեղական շերիֆի խոսքով` 30-ամյա Կալա Բրաունը «շան պես գամված է եղել բեռնախցիկում». կինն այնտեղ գտնվել է երկու ամիս շարունակ: Հողամասի սեփականատեր Թոդ Քոլհեփը ձերբակալվել է:

Հեռուստաալիքի տվյալներով` ազատված կինը ցուցմունք է տվել, որ Քոլհեփի հողամասում, հավանաբար, չորս զոհ է թաղված: Հարցաքննության ժամանակ Քոլհեփը խոստովանել է, որ 7 մարդ է սպանել, այդ թվում` չորս մարդու 2003 թվականին, ինչպես նաև` Բրաունի ընկերոջը:

Նշվում է, որ Քոլհեփին մարդ առևանգելու վերաբերյալ մեղադրանք է առաջադրվել, սակայն իրավապահ մարմինները հայտնել են, որ շուտով կառաջադրվեն նաև այլ մեղադրանքներ: Այժմ ոստիկանությունը որոնումներ է իրականացնում Քոլհեփի տարածքում. ասվում է հաղորդագրության մեջ:

Հայտնի է, որ 45-ամյա տղամարդն ավելի վաղ սեռական բնույթի հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկվելու պատճառով հաշվառված է եղել տեղական իշխանություններում: