Ֆրանսիացին դատապարտվել է Wi-Fi ցանցն ԻՊ պատվին անվանելու համար

16:00 • 06.11.16

Ֆրանսիական Դիժոն քաղաքի 18-ամյա բնակիչը մեղադրվել է Wi-Fi ցանցին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պատվին անվանելու համար և դատապարտվել 3 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Le Bien Public-ին:

Աղբյուրը մանրամասնում է, որ Daesh 21 անվանումով Wi-Fi ցանցին ուշադրություն են դարձրել երիտասարդի հարևանները և դիմել ոստիկանություն: «Իսլամական պետություն» խմբավորման հետ որևէ կապեր չեն բացահայտվել, սակայն դատախազությունը ներկայացրել է 2014 թվականին ընդունված ահաբեկչությունը գովաբանելն արգելող հակաահաբեկչական օրենքի խախտման մեղադրանք:

Նշվում է, որ դատի ժամանակ երիտասարդը պնդել է, որ ինքը չի առնչվում ահաբեկիչների հետ, իսկ նրա փաստաբանը նշել է, որ ցանցում ԻՊ-ի հիշատակումն իրենից գովաբանություն չի ներկայացնում:

Daesh-ը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» արաբական հապավման անգլերեն տարբերակն է: