Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների համար կներդրվեն խնամքի փոքր տների մոդելները. Արտեմ Ասատրյան
Երևանում այսօր մեկնարկած առողջապահական իրավունքի «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարը կարևորեց նման համաժողովի անցկացումը, քանի որ այսօր, առավել քան երբևէ, առողջապահության ոլորտի ծառայությունների և քաղաքացիների իրավունքների ապահովման տեսանկյունից Հայաստանը կարևոր հանգրվանում է գտնվում:
«Այս առումով ոչ միայն Կառավարության կողմից իրականացվող քաղաքականության, այլ նաև սոցիալական և առողջապահական ոլորտի հասարակական և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ փորձում ենք անել առավելագույնը, որպեսզի առավել հասցեական ու մատչելի դառնա այդ ծառայությունը»,– ասաց նախարար Արտեմ Ասատրյանը՝ հավելելով, որ նախարարությունը որդեգրել է մի քաղաքականություն, համաձայն որի՝ առաջին հերթին կանխարգելիչ գործողություններ պետք է իրականացվեն:
Որպես օրինակ՝ նախարարը նշեց, որ փորձագիտական խմբերը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու համար իրենց դիմած քաղաքացուն նախ ճանաչում են որպես հաշմանդամություն ունեցող, այնուհետև այդ քաղաքացին ձեռք է բերում նոր իրավունքներ, սակայն առաջնահերթ կարգով պետք է իրականացնել կանխարգելման ծառայություններ. «Մասնավորապես, մենք ճանաչում ենք առաջինը հաշմանդամություն ունենալը, հետո տալիս ենք իրավունքներ, սակայն այդ ուղղությամբ փորձնական ծրագիր ենք իրականացնելու կարիքների բազմակողմանի գնահատման համար: Այսինքն՝ մենք ոչ թե պետք է անձին հաշմանդամ ճանաչենք, հետո ծառայություն մատուցենք, այլ պետք է կանխարգելենք հաշմանդամությունը: Առաջիկայում, գործող կարգին զուգահեռ, փորձնական կարգով կիրականացվեն այդ աշխատանքները»:
Բացի դրանից՝ Արտեմ Ասատրյանն անդրադարձավ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիներին և ասաց, որ այդ ուղղությամբ նույնպես կներդրվեն նոր մոդելներ. «Դրանք են՝ ներդրված խնամքի փոքր տների մոդելները, որոնք գործում են խնամքի մեծ հաստատությունների փոխարեն: Այդտեղ ծառայություններն առավել հասցեական են, որն աշխարհում ընդունված մոդել է»:
Նախարարն ասաց, որ փորձնական ծրագիրն իրականացնում են Սպիտակում, որն իր դրական արդյունքը տալիս է:










