«Աֆերիստ, տափուկ». տուժող ճանաչված կուրսանտը դատարանում այսպես նկարագրեց Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալներին

15:23 • 07.11.16

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։

Դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց հարուցված գործի շրջանակում տուժող ճանաչված, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Տիգրան Մանասերյանը և ասաց, որ Հայկազ Բարսեղյանի սպանության մասին տեղեկացրել է առավոտյան, իսկ դեպքի գիշերը, երբ ժամը 4:00-5:00-ի սահմաններում արթնացել է, ձայներ է լսել, տեսել է Գնել Թևոսյանին, ով այդ պահին սպորային հագուստով է եղել, ու նորից քնել է. «Առավոտյան, երբ արթնացա՝ ժամը 9:00-10:00-ի սահմաններում, դուրս եկա սենյակից, ձայներ լսեցի, որ կախված մարդ կա…: Այլ մանրամասների տեղյակ չեմ»:

Դատախազի հարցին, թե ինչպես կբնութագրի ամբաստանյալներին, Տիգրան Մանասերյանը պատասխանեց. «Մովսես Ազարյանն աֆերիստ, տափուկ, այ նման կերպ է եղել: Վաչեն լավ մարդ է, լիքը հարցերում խորհուրդ եմ հարցրել իրենից, նույնն էլ Նորիկ Սահակյանը, նա ևս բնավորությամբ հանգիստ է, Թևոսյան Գնելին չեմ կարող բնութագրել: Ինչ վերաբերում է Սաֆարյանին, ես նրա հետ հարաբերություններ չեմ ունեցել, բայց որքան տեսել եմ, հանգիստ է»:

Երբ տուժողը նկարագրում էր Մովսես Ազարյանին, վերջինս տեղից խոսեց և ասաց. «Վիրավորում է, հարգելի դատարան»:

Դատավորն արձագանքեց, որ եթե տուժողի խոսքում վիրավորանք նկատի, անձամբ կասի, իսկ եթե ամբաստանյալը ևս մեկ անգամ խոսի տեղից, ապա կհեռացվի դատարանի դահլիճից:

Հարցին, թե ինչպիսի հարաբերություններ է ունեցել ամբաստանյալների հետ, Մանասերյանը պատասխանեց. «Լարված, իսկ այդ լարվածությունն առաջացել է նրանից, երբ տեղեկացել ենք, որ մարտկոցի հրամանատարը Տիգրան Մանասերյանի ազգականն է»:

Մեղադրող դատախազի հարցին, թե ամբաստանյալներից որևէ մեկն իր նկատմամբ բռնություն կիրառե՞լ է, տուժողը պատասխանեց, որ 2014-ի նոյեմբերի իրենց ծեծել են Մովսես Ազարյանը, Վաչե Սահակյանն ու Նորիկ Սահակյանը:

Նրա խոսքով՝ մեկ անգամ ևս միջադեպ է գրանցվել. «Վիրավորեց ինձ, ասացի ինչո՞ւ ես վիրավորում, մի քանի անգամ հարվածեց։ Վաչեն էր, Մովսեսն ու Նորիկը: Չեմ հիշում, թե ով որ մասում է հարվածել, որովհետև երեքն էլ հարվածում էին: Այդ ընթացքում Վարազդատ Սաֆարյանը բաժանեց մեզ»:

Տուժողը պատմեց, որ մեկ անգամ էլ միջադեպ է գրանցվել լսարանում, երբ մաքրության հետ կապված Գնել Թևոսյանը նկատողություն է արել իրեն. «Վիրավորեց ինձ, ասացի՝ ինչու ես վիրավորում, ու հարվածեց ինձ, վնասվածք չեմ ստացել, բայց ցավ զգացել եմ»:
 
Մեղադրող դատախազն ասաց, որ տուժողի նախորդ և այսօրվա ցուցմունքների միջև հակասություններ կան, մասնավորապես, բնութագրի, ինչպես նաև 2014 թվականի նոյեմբերին տեղի ունեցած միջադեպի նկարագրության միջև:

Իր ցուցմունքում նշված մեկ ճշգրտման մասին բարձրաձայնեց նաև տուժողն՝ ասելով, որ ցուցմունքում գրել է, թե ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանը հարվածել է իրեն, երբ վիճաբանել է ամբաստանյալների հետ, սակայն հետո հիշել է, որ նա դադարեցրել է վեճը, և, հետևաբար, չէր կարող հարվածել իրեն:

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության, Գնել՝ Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին:

Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին: