Համեմատեք Մոլդովայի, Վրաստանի հետ, կհամոզվեք ինչքան դրական էր մեր անդամակցումը ԵԱՏՄ-ին. Սուրեն Կարայան

16:40 • 07.11.16

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վստահեցնում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանի տնտեսությունը չի տուժել, ինչպես պնդում են որոշ տնտեսագետներ, ընդհակառակը՝ շահել է:

Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան այսօր վստահեցրեց նախարարը: «ԵԱՏՄ անդամակցումը ՀՀ-ի համար լայն հնարավորությունների ստեղծում է: Մեր պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանվում է ԵԱՏՄ շուկաներ, և եթե վերլուծեք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները ՀՀ-ի և հարևան այն երկրների, որոնք չեն անդամակցել ԵԱՏՄ-ին, ապա ինքներդ կհամոզվեք, թե ինչքան դրական էր մեր անդամակցումը ԵԱՏՄ-ին»,- ասաց Կարայանը՝ հորդորելով Հայաստանի տնտեսությունը համեմատել Մոլդովայի, Վրաստանի տնտեսության հետ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով, ինչպես երևում է փաստաթղթերից: Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ ի՞նչ 10 տոկոս էր, եղե՞լ է նման աճ: «Չեմ իմանում, մենք աճ ինչքան ունենք՝ վիճակագրությունը հրապարակել է»,- ասաց Կարայանը:

Նախարարը նշեց, որ 3.2 տոկոս տնտեսական աճը բավականին ռիսկային և լուրջ ցուցանիշ է այս պարագայում. «Փորձելու եմ անել առավելագույնն արդյունքի հասնելու համար»: