Դեմոկրատները կհաղթեն ԱՄՆ ընտրություններում, եթե հաղթանակ տանեն Ֆլորիդայում. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հանդես գալով Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին, հայտարարել է, որ դեմոկրատները կհաղթեն նախագահական ընտրություններում, եթե հաղթանակ տանեն Ֆլորիդայում:
«Երկու օր, Ֆլորիդա, երկու օր՝ այս երկրի ապագան որոշելու համար: Եվ ինձ հարկավոր է ձեր օգնությունը 8 տարի առաջ սկսածը շարունակելու համար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով այդ նահանգում:
Օբաման կոչ է արել Ֆլորիդայի բնակիչներին հիշել 2008 թվականը: Նրա խոսքով՝ այդ ժամանակ երկիրը զգում էր երկու երկարատև ռազմական արշավների հետևանքները, ինչպես նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամը:
«Ձեր շնորհիվ մենք կարողացանք շրջել այդ էջը: Մենք կանխեցինք դեպրեսիան: Այն առաջընթացը, որին մենք հասանք, ջուրը կգցվի, եթե չհաղթենք այս ընտրություններում: Եվ մենք կհաղթենք այս ընտրությունները, եթե հաղթենք Ֆլորիդայում»,- նշել է ԱՄՆ գործող նախագահը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը:










