ՀՀ հոգեբուժարաններում գտնվողներից միայն 30% պետք է լիներ այնտեղ, մնացածը լիարժեք ապրելու իրավունք ունեն. Լարիսա Մինասյան
Մարդու իրավունքները խոցելի խմբերի համար մշտապես եղել են խնդրահարույց, և այն «Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստան» հիմնադրամի, Մարդու իրավունքների պաշտպանի, հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է:
Այս մասին այսօր առողջապահական իրավունքի «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:
Նրա խոսքով՝ խոցելի խմբերի հետ աշխատելիս, իրենք հասկացել են, որ կան համակարգային խնդիրներ, որոնց վերհանումը, լուծումների եղանակներն արդեն երկար ժամանակ է հետազոտվում են:
«Համաժողովի ընթացքում կքննարկվեն խնդիրները, որոնք թանկ են մարդկանց կյանքի, արժանապատվության կամ մարդկանց առողջական իրավունքի համար: Դրանք թե՛ ամոքիչ բժշկության բնագավառում են, թե՛ քրեակատարողական հիմնարկներում են, թե՛ հոգեկան առողջության վերաբերյալ են»,- ասաց նա:
Հարցին, թե այդ խնդիրների վերաբերյալ ինչ վիճակագրական տվյալներ կան, Լարիսա Մինասյանն ասաց, որ, օրինակ, Հայաստանում քաղցկեղի ցավից տառապողների միայն 30%-ն ունի հնարավորություն ցավազրկող դեղամիջոցներից օգտվելու. «Այդ դեղամիջոցների թե՛ հասանելիության, թե՛ դուրս գրման, թե՛ քանակի հետ մենք ունենք խնդիրներ, բայց ամենակարևորը մենք ունենք խնդիրներ օրենսդրական լուծումներում»:
Անդրադառնալով հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացիներին, Լարիսա Մինասյանն ասաց, որ հոգեկան առողջության խնդիրներով տառապողներից ընդամենը 30%-ը պետք է լիներ հոգեբուժարաններում, մնացածը, որոնք գտնվում են հոգեբուժարաններում, լիարժեք կյանով ապրելու իրավունք ունեն, սակայն հնարավորություն չունեն:










