«Հոգևոր Հայաստանը» մտավորականների ապակուսակցական նախաձեռնություն է և չի դառնա կուսակցություն. Եղիշե Պետրոսյան

20:19 • 07.11.16

«Հոգևոր Հայաստանը» կուսակցություն չի դառնա, սակայն կան կուսակցություններ, որոնք իրենց աջակցությունն են հայտնում նախաձեռնությանը: «Հոգևոր Հայաստանի» գործունեության, աջակիցների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց նախաձեռնության հիմնադիրներից Եղիշե Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, ներքաղաքական կյանքում փոփոխություններ են կատարվում, և տարբեր հասարակական կազմակերպություններ, միավորումներ միացել կամ միանում են քաղաքական պայքարին: «Հոգևոր Հայաստանը» քաղաքական գործունեություն ծավալելո՞ւ է:

-Այդ փոփոխությունների պահանջը կարծես կախված է օդում: Մենք ունենք թե՛ ներքաղաքական, թե՛ տնտեսական լուրջ խնդիրներ, պատերազմի մեջ ենք, պլյուս՝ աշխարհաքաղաքական մարտահրավերները, ինչո՞ւ չէ՝ նաև սպառնալիքները: Այս ամենից զատ, վայրի, թե վայրենի կապիտալիզմը, անարդարությունը, ընչաքաղցությունը, ցինիզմը լուրջ վտանգել են նաև մեր ինքնությունը, մեր բարոյականությունը: Աղետալի չափերի է հասել հայրենալքությունը: Առջևում էլ՝ «սրբության սրբոց» ընտրություններն են: Չքավորության և դեգրադացիայի հասցված ընտրողը անհամբեր սպասում է ընտրակաշառք բաժանող «բարեկենդանին», իսկ վերջինս էլ քունը կորցրած հորինում է նոր, կրեատիվ ընտրակեղծարարության սխեմաներ, որ հանկարծ այնպես չլինի, ինչպես որ արժե որ լինի: Բնականաբար տեղի են ունենում վերադասավորումներ, ստեղծվում են նոր՝ թե՛ օգտակար, թե՛ անպետք շարժումներ, միավորումներ, և այլն:

«Հոգևոր Հայաստանն» իր էությամբ ապակուսակցական, մտավորականների նախաձեռնություն է: Բայց դա բնավ չի նշանակում, որ այն իրականությունից կտրված մի բան է: Մեր ուշադրությունը սևեռված է Հայքի տեսլականին՝ համայն հայության միացյալ օրրանին, այդ նպատակին հաստատ հասնելու նախագծերին, նաև՝ ճանապարհային քարտեզին:                      

-Եթե անգամ կուսակցություն չի դառնալու, ապա սատարելո՞ւ է որևէ քաղաքական միավորի:

-Ցավոք այսօրյա քաղաքականությունը բարոյազուրկ է, իսկ մենք ձգտում ենք վերագտնել հայի բարոյականությունը: Այն ամենը, որ զրկված է բարոյական հենքից, դատապարտված է: Համոզված եմ՝ ոչ շատ հեռու ապագայում բոլոր քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային միավորներն են սատարելու «Հոգևոր Հայաստանի» գաղափարին:

-«Հոգևոր Հայաստանը» որևէ քաղաքական ուժի կողմից աջակցություն ստացե՞լ է, կամ հետաքրքրվե՞լ են ձեր ծրագրերով:

-Այո, մեր հայտարարություններին միացել են նաև կուսակցություններ, և հուսով եմ՝ դեռ էլի կմիանան: Մեր ծրագրերը ազնիվ են, նաև վարակիչ: Դեռ ամեն ինչ առջևում է:

-Չե՞ք կարծում, որ «Հոգևոր Հայաստանի» ուղին հստակ չէ: Կա՞ օրակարգ որոշ ժամանակի համար: Օրինակ՝ այսքան ժամանակահատվածում իրականացնել սա:

-Մեր նպատակների իրագործումը բոլորովին կախված չէ 2017 թ. ընտրություններից կամ նրա արդյունքներից: Կատարված աշխատանքների մասին արդեն խոսել ենք: Իսկ մոտակա անելիքները սրանք են՝ «Վերնատանը» նոյեմբերին ունենք երկու կլոր սեղան՝ «Արդարություն Հայաստանում» և «Գլոբալ հայեր» նախաձեռնությունների և «Մեծն Տան Հայ կանայք» թեմաներով:

Դեկտեմբերի 2-ից 5-ը կլինի մեծ խորհրդաժողով, որը կնախապատրաստի Համահայկական վեհաժողովը, որը նախատեսվում է անցկացնել արդեն 2017թ.-ի փետրվարի վերջին-մարտի սկզբին:

-«Հոգևոր Հայաստան» առաջին համագումարին ձեզ ողջունեցին հայտնի հայեր՝ Հասմիկ Պապյանը, Արսինե Խանջյանը: Նրանք մասնակցո՞ւմ են ձեր գործունեությանը:

-Հասմիկ Պապյանը «Հոգևոր Հայաստան»-ի նախաձեռնողներից է, և այդ օրը ուղղակի Վիեննայում էր: Արսինե Խանջյանի հետ սերտ կապի մեջ ենք: