Սթոլթենբերգը հայտարարել է Ռուսաստանի «ագրեսիայի» պատճառով ՆԱՏՕ-ի անվտանգության ուժեղացման մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքի զինվորականների մի մասը կանցնի ուժեղացված ծառայության ռեժիմի՝ Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ակտիվությանն ի պատասխան: Այդ մասին նա հայտնել է բրիտանական The Times թերթին տված հարցազրույցում:
«Մենք տեսել ենք՝ ինչպես է Ռուսաստանն օգտագործում Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում քարոզչությունը, և դա հենց այն պատճառն է, որի համար ՆԱՏՕ-ն պատասխան արձագանքում է»,- հայտարարել է Սթոլթենբերգը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը երկար տարիների ընթացքում մեծացնում է իր ռազմական ուժը և «ավելի ու ավելի գործունյա է դառնում շատ հարցերում»: Ի պատասխան՝ դաշինքը կարձագանքի «սառը պատերազմի» ավարտի ժամանակներից ի վեր հավաքական անվտանգության ամենազգալի ուժեղացմամբ:










