Շվեդիայի դատախազությունը հաստատել է Ասանժի հարցաքննության ամսաթիվն ու վայրը
Շվեդիայի դատախազությունը երկուշաբթի հաստատել է, որ Շվեդիայում բռնաբարության համար կասկածվող սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարցաքննությունը տեղի կունենա Լոնդոնում նոյեմբերի 14-ին՝ Էկվադորի իշխանությունների աջակցությամբ:
«Ջուլիան Ասանժը կհարցաքննվի Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը նոյեմբերի 14-ին»,- ասված է մամուլի համար Շվեդիայի դատախազության տարածած հաղորդագրությունում:
Հարցաքննությունը կիրականացնի Էկվադորից դատախազը՝ Շվեդիայից դատախազ Ինգրիդ Իսգրենի ներկայությամբ: Ենթադրվում է, որ Ասանժի համաձայնության դեպքում նրանից կվերցնեն նաև ԴՆԹ թեստ:
2012թ.-ի հունիսի 19-ին Ասանժն ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դիվանագիտական առաքելությունից՝ խուսափելու համար Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրան կասկածում են սեռական հանցագործությունների համար: Ասանժը հերքում է մեղադրանքները: Նա մտավախություն ունի, որ Շվեդիան իրեն կարտահանձնի ԱՄՆ-ին, որտեղ նրան տևական ազատազրկման ժամկետ է սպառնում Պետդեպի գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծման համար:










