Թբիլիսիում հատուկ գործողության ընթացքում հոգևորական է ձերբակալվել. Prime Time
Մի քանի օր առաջ իրավապահները հատուկ գործողություն են իրականացրել Թբիլիսիում, որի ընթացքում հոգևորական է ձերբակալվել: Նրա մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ «Բուպրեմորֆին» թմրանյութ: Այդ մասին հոդվածը հրապարակել է «Prime Time» լրատվամիջոցը:
Լրատվամիջոցը երկու օր փորձել է ճշտել տեղեկատվությունը Ներքին գործերի նախարարությունում, բայց գերատեսչությունում ի վերջո հարցը չեն մեկնաբանել: Միևնույն ժամանակ, պատրիարքությունից հայտնել են, որ այդ մասին չեն լսել:
Համաձայն լրատվամիջոցի տեղեկությունների՝ հոգևորականը հայր Գեորգի Մեգրելիշվիլին է: Նրան ուղեկցող մարդու մոտ «Բուպրեմորֆինից» բացի հայտնաբերվել է հերոին:
Հոդվածում նշվում է, որ Գեորգի Մեգրելիշվիլին արդարադատության հետ խնդիրներ է ունեցել: Հոգևորականն ազատ է արձակվել դատարանի դահլիճից գրավի դիմաց, իսկ նրան ուղեկցող անձը կալանավորվել է երկու ամսով:
Ելնելով առգրավված թմրանյութի քանակից՝ հոգևորականին կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում:










