Անվտանգության աշխատակիցները Թրամփին հեռացրել են ամբիոնից՝ կասկածելի մասնակցի պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ում գաղտնի ծառայության աշխատակիցները Նևադա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ շտապել են ամբիոնի մոտից հեռացնել ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփին՝ կարծելով, թե նրա կյանքին վտանգ է սպառնում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ծառայության աշխատակիցներին կասկածելի է թվացել հանրահավաքի մասնակիցներից մեկը՝ 33-ամյա Օսթին Քրայթսը, որը Թրամփի մրցակցի՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի աջակիցն է:
Մի պահ ներկաներից մեկը խուճապային իրավիճակ է ստեղծել՝ բղավելով, որ Քրայթսը զինված է: Սա լսելով՝ անվտանգության ծառայության աշխատակիցները նետվել են դեպի ամբիոն ու շտապ հեռացրել Թրամփին, իսկ մյուսներն էլ գետնին են տապալել ենթադրյալ հանցագործին:
Նշվում է, որ Քրայթսի և դեպքի վայրի խուզարկության արդյունքում զենք չի հայտնաբերվել: Մինչդեռ ինքը՝ տղամարդը, ասել է, որ «Հանրապետականներն ընդդեմ Թրամփի են» գրությամբ պաստառից զատ իր մոտ ոչինչ չի եղել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը:
















