Թրամփին «հեռացրել» են Twitter-ից. The Hill

09:02 • 07.11.16

ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփի խորհրդականներն արգելափակել են թեկնածուի հասանելիությունը Twitter սոցկայքի իր միկրոբլոգին, ինչի մասին հայտնում է The Hill-ը:


Աղբյուրը մանրամասնում է, որ որոշումը կայացվել է այն պատճառով, որ էքսցենտրիկ միլիարդատերը պարբերաբար օգտագործում է իր միկրոբլոգը քաղաքական մրցակիցների վրա «ցեխ շպրտելու» համար, ինչպես նաև դրա միջոցով մի շարք հարցերի շուրջ իր հակասական տեսակետներ է հայտնում ընտրողներին:


Հայտնի է, որ Twitter-ում, որտեղ Թրամփն ունի ավելի քան 13 մլն հետևորդ, հանրապետականների թեկնածուն վիրավորել է 200-ից ավելի մարդկանց ու պետությունների: Իր միկրոբլոգում նա անդրադարձել է ոչ միայն ԱՄՆ-ի Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններին, այլև մի շարք ԶԼՄ-ների, ընկերությունների ու երկրների:


Օրինակ՝ Չինաստանը Թրամփն անվանել է «սարսափելի պետություն», ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ «թույլ և անարդյունավետ», իսկ The Wall Street Journal պարբերականը՝ «տաբլոիդի պես մի բան»: Սակայն վիրավորանքների շարքում բացարձակ առաջատար է նախագահական մրցապայքարում իր մրցակից Հիլարի Քլինթոնը, ում վերաբերյալ Թրամփն արել է 300-ից ավելի քննադատական գրառում:


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը:

Թրամփին «հեռացրել» են Twitter-ից. The Hill