38-ամյա թուրք տղամարդը բողոք է ներկայացրել իր վրա հողաթափ նետած մոր դեմ. կնոջը սպառնում է 2-5 տարվա ազատազրկում
Թուրքիայի Դենիզլի նահանգի Հոնազ շրջանում 62-ամյա Շենայ Գյուզել անունով կինը իր 38-ամյա տղայի՝ Հասան Գյուզելի հետ վիճաբանության ընթացքւոմ փորձել է որդուն սաստել հողաթափի միջոցով և կռվի թեժ պահին այն նետել է Հասանի ուղղությամբ, գրում է թուրքական «Հյուրիյեթ» թերթը:
Թեև հողաթափը այդպես էլ չի դիպչել Հասան Գյուզելին, սակայն տղան որոշել է Հոզանի շրջանային ոստիկանությունում բողոք ներկայացնել մոր դեմ:
Արդյունքում 62-ամյա կնոջ դեմ դատական գործ է բացվել, հարցաքննության ընթացքում քննիչները կնոջ հողաթափը համարել են սառը զենք, Շենայ Գյուզելին սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:
Ոստիկանական բաժանմունքում ցուցմունք տված 62-ամյա կինը պատմել է, որ տղան ընտանեկան վեճի ընթացքում վիրավորել է իրեն, ինչից հետո նա որոշել է նախատել նրան: Երբ նրան բացատրել են, որ հողաթափը «զենք» է համարվում, կինը ծիծաղել է ոստիկանների վրա:
«Իր զավակի վրա բարկացած ժամանակ հողաթափ չնետած մայր կա՞»,- զարմացել է Շենայ Գյուզելը:
Դեպքը մեծ արձագանք է ստացել սոցցանցերի թուրք օգտատերերի կողմից, որոնք բարկությամբ նշում են, թե այս որոշումը ծիծաղելի են համարում այնպիսի մի երկրում, որտեղ կան անթիվ անհամար անպատիժ մնացած սպանություններ և հատկապես՝ կանանց դեմ ոտնձգություններ:










