Դպրոցի նախկին տնօրենին չվերադարձնելու դեպքում Աղձքի բնակիչները բողոքի ակցիան կտեղափոխեն կառավարության շենքի առջև
Աղձք գյուղում երեկվանից լարված իրավիճակ է. գյուղի միջնակարգի դպրոցի մոտ հավաքվել են դպրոցի աշակերտները, ծնողները (շուրջ 100 հոգի), և պահանջում են դպրոցի տնօրենի պաշտոնում վերականգնել օրերս աշխատանքից ազատված տնօրեն Հարություն Սուքիասյանին:
Tert.am-ի հետ զրույցում ծնողներից մեկը՝ տիկին Անահիտը, տեղեկացրեց, որ այսօր ևս վաղ առավոտից դպրոցի բակը մարդաշատ է:
«Այստեղ էր նաև մարզպետ Գաբրիել Գյոզալյանն՝ իր խորհրդականների հետ, որը փորձում էր «ցրել» մեր հավաքը՝ նշելով, թե մենք հրահրում ենք երեխաներին՝ նրանց թույլ չտալով դպրոց գնալ: Մարզպետի՝ «ցրելու» փորձերն անհաջող էին, մենք շարունակում ենք մնալ այստեղ և պահանջել, որպեսզի անհիմն կերպով աշխատանքից ազատված մեր տնօրենին՝ Հարություն Սուքիասյանին, վերականգնեն իր պաշտոնում»,- պատմեց տիկին Անահիտը:
Վերջինս նաև մանրամասնեց, որ եթե Աղձքում իրենց հավաքները անարդյունք մնան, ապա առաջիկա օրերին մտադիր են բողոքի ակցիաներ անցկացնել Երևանում՝ նախագահական նստավայրի կամ կառավարության շենքի առջև:










