ԱՄՆ-ում ավելի քան 46 մլն մարդ մասնակցել է նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությանը
Այս տարի ռեկորդային թվով ամերիկացիներ են մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրությունների վաղաժամ քվեարկությանը, ինչի մասին հայտնում է Associated Press-ը՝ նկատելով, որ այս տարվա ցուցանիշը զգալիորեն գերազանցում է 2012թ. նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկության ժամանակ գրանցված ցուցանիշին:
Գործակալության տվյալներով՝ արդեն վաղաժամ ընտրություններին քվեարկել է 46.27 մլն մարդ, որոնց թվում իրենց ակտիվությամբ առանձնանում են հատկապես դեմոկրատ Հիլարի Քլինթոնին աջակցող լատինամերիկացիները:
Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Մայքլ ՄքԴոնալդի խոսքով՝ ամերիկացիների հետաքրքրությունը վաղաժամ ընտրությունների հանդեպ աննախադեպ բարձր է ելել 28 նահանգում: Ոլորտի փորձագետների կանխատեսմամբ՝ վաղաժամ ընտրությունների մասնակիցների թիվը կարող է գերազանցել 50 մլն-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտրողներին տեղեկացրել է, որ ինքը ժամկետից վաղ քվեարկել է նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին:
«Ես արդեն քվեարկել եմ, ու քվեարկել եմ Հիլարի Քլինթոնի օգտին»,- ասել է Օբաման Միչիգան նահանգում ունեցած ելույթի ժամանակ:
Օբաման նշել է, որ քվեարկել է Քլինթոնի օգտին, քանի որ «կարող է երկրի ապագան վստահել նրան»:
«Դուք պետք է նույնն անեք: Եթե հաղթի Հիլարի Քլինթոնի հակառակորդ Դոնալդ Թրամփը, մեր բոլոր ձեռքբերումներն անիմաստ կդառնան»,- ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ում մեկնարկելու են նախագահական ընտրությունները: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը:










