Պորոշենկոն պատրաստ է ընդունել Սաակաշվիլիի հրաժարականը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պատրաստ է ստորագրել Միխեիլ Սաակաշվիլիի՝ Օդեսայի նահանգապետի պաշտոնից ազատման հրամանագիրը, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ ըստ ուկրաինական օրենսդրության՝ նահանգապետի հրաժարականին պետք է հավանություն տա երկրի նախագահը:
Պորոշենկոյի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նահանգապետի հրաժարականի «իրական պատճառները» դեռևս պետք է վերլուծվեն:
Աղբյուրը, հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին, մանրամասնում է, որ Սաակաշվիլին իմացել է, որ մոտ օրերն իրեն հեռացնելու են պաշտոնից, ուստի՝ նա որոշել է դեպքերից առաջ ընկնել ու ինքն է հայտնել հրաժարականի մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ որոշում է կայացրել հրաժարական տալ՝ կոռուպցիայի դեմ պայքարելու իշխանությունների ցանկության բացակայության պատճառով: Բացի այդ Սաակաշվիլին ասել է, որ նախագահ Պորոշենկոն հովանավորում է երկրում գործող հանցավոր կլաններին:
«Ստեղծված իրավիճակում ես որոշել եմ հրաժարական տալ և պայքարի նոր փուլ սկսել»,- ասել է Սաակաշվիլին Օդեսայում տված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայում իշխանափոխությանը՝ երկրում ծաղկում է կոռուպցիան, և «ինչպես թալանում էին առաջ, այնպես էլ հիմա են թալանում»: Նա նշել է, որ «վերջին կաթիլն» իր համար դարձել է պաշտոնյաների եկամուտների մասին էլեկտրոնային հայտարարագրերի հրապարակումը:










