Ճամբարակում «Աշտարակ կաթի» դեմ աշխատակիցների բողոքին միացել է նաև քաղաքապետը և կտրուկ պահանջ դրել

16:42 • 09.11.16

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում այսօր «Աշտարակ կաթ» ընկերության աշխատակիցներն ու մատակարարները բողոքի ակցիա են իրականացրել գործարանի դեմ:  Նրանք ընկերությունից պահանջում իրենց շուրջ 7 ամսվա աշխատավարձը, որոնց են միացել նաև որոշ քաղաքացիներ, որոնց Աշտարակ կաթը պարտք է մթերված և չվճարված կաթի դիմաց:

Tert.am-ի հետ զրույցում աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, տեղեկացրեց, որ հերթական անգամ հանդիպմանը եկել է ոչ թե գլխավոր տնօրենը, այլ ընկերության իրավաբանը: Եկել է նաև Ճամբարակի քաղաքապետ  Յուրա Ավալյանը, ով ստեղծված իրավիճակի համար պարզաբանում է պահանջել և պարտքերը վճարելու համար ժամանակ տվել, հակառակ դեպում՝ նշել է, որ իրենք լուծում կգտնեն՝ ընկերության կուտակած պանիրը կամ գույքը վաճառելով:

Tert.am-ի հետ զրույցում Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը ևս տեղեկացրեց, թե «Աշտարակ կաթը» և՛ կաթի փող, և՛ աշխատավարձի պարտք ունի: «Ոչ թե բողոքի ակցիա է եղել, այլ ես եմ կազմակերպել, կանչել, որպեսզի գան ու  ժողովրդին պարզաբանում տան, թե ոնց է լինելու: Բավական ժամանակ է կաթի փողը չեն տվել բնակիչներին, նաև բավական ժամանակ էլ աշխատավարձ չեն տվել: Հիմա քայլեր ենք ձեռնարկում, համատեղ ինչ-որ լուծման ճանապարհ գտնենք»,-ասաց նա:  

Քաղաքապետն ասաց, թե ընկերության իրավաբանին մեկ շաբաթ ժամանակ են տվել փոխանցելու ընկերության տնօրենին, որպեսզի գումար գտնի: «Հիմա գումար կգտնեն ուրախ կլինենք, եթե ոչ, ապա մենք ստիպված այստեղ եղած պանիրը կվաճառենք, որպեսզի գումարները վճարենք»,-ասաց նա:

Քաղաքապետը տեղյակ չէր, թե որքան գումարի մասին է խոսքը: «Չեմ կարող այս պահին ասել, 50 մլն է, թե 100  մլն է, իրենք գիտեն ինչքան են պարտք, թող բերեն մարդկանց պարտքերը փակեն»,-ասաց նա:

Յուրա Ավալյանը նշեց, թե իրենք բոլորովին էլ մասնավորի գործերին չեն խառնվում, այլ պաշտպանում է իր քաղաքացիների իրավունքները: «Բնակիչները գալիս ինձ են չէ՞ բողոքում, ասում են՝ իմ համայնքի ղեկավարն ես, մենք այս վիճակի մեջ ենք, ինչո՞վ կարող ես օգնել, ես էլ ստիպված մնացած գործերը թողնում են բնակչիս կողքին կանգնում եմ: Հիմա տեսնենք  ասացին պայմանագրեր ունեն, որ հնարավոր է փող փոխանցեն,  փողը հատկացնեն բնակիչներին: Մի քիչ էլ սպասենք, տեսնենք, ինչ է, եթե չէ, կգնանք կտրուկ քայլերի: Գիտենք, որ «Աշտարակ կաթը» այլ պարտքեր էլ ունի, իմ կարծիքով բավական խնդիրներ ունի, հիմա  ասում ենք նենց չլինի այստեղ կուտակված պանիրը տանեն վաճառեն, ուրիշների պարտքերը փակեն: Մեր գործարանում կա կուտակած պանիր,  հիմա մենք ասում ենք թեկուզ այս կուտակած պանիրը վաճառեն, որ մեր պարտքերը փակեն»,-ասաց նա:

Նշենք, որ «Աշտարակ կաթ» ընկերությունից խոստացան պատասխանել Tert.am–ի հարցերին: