Քաղաքական գործիչները շնորհավորել են Թրամփին հաղթանակի առթիվ
Մի շարք քաղաքական գործիչներ շնորհավորել են Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Twitter-ում շնորհավորել է Թրամփին և հայտնել, որ ինքը պատրաստ է աշխատել վերջինիս վարչակազմի հետ գլոբալ զարգացման և բարգավաճման հարցերի շուրջ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես շնորհավորել է Դոնալդ Թրամփին:
«Գերմանիան և ԱՄՆ-ն կապված են այնպիսի արժեքներով, ինչպիսիք են ժողովրդավարությունը, ազատությունը, հարգանքն օրենքի և մարդկանց արժանապատվության հանդեպ` անկախ նրանց ծագումից, մաշկի գույնից, կրոնական դավանանքից, սեռից, սեռական կողմորոշումից կամ քաղաքական հայացքներից: Այս արժեքների հիման վրա էլ առաջարկում եմ աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ», - ասել է Մերկելը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում. նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։
Նշվում է նաև, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող Հիլարի Քլինթոնը, որն առաջադրվել էր Դեմոկրատական կուսակցության կողմից, ընտրությունների ավարտից հետո զանգահարել է հաղթած թեկնածուին ու ընդունել իր պարտությունը:
Հայտնի է նաև, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ իրենց համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի 2 պետությունների հարաբերությունները դուրս բերել ճգնաժամային իրավիճակից:










