Իրանը Թրամփից ակնկալում է հարգել միջուկային համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդին հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից ակնկալում է հարգել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տարբերություն կա քարոզարշավի ժամանակ Թրամփի և արդեն որպես ԱՄՆ նախագահ Թրամփի միջև, մենք սպասման մեջ ենք, թե ինչպիսին է լինելու Թրամփի քաղաքականությունը տարածաշրջանի և իսլամական աշխարհի նկատմամբ»,- ասել է Բորուջերդին:
«Ամերիկյան կառավարությունը խոստացել է կատարել միջուկային համաձայնագիրը, և բնական կլինի, որ նոր նախագահը հարգի միջազգային որոշումները»,- հավելել է խորհրդարանականը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում. նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։
Նշվում է նաև, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող Հիլարի Քլինթոնը, որն առաջադրվել էր Դեմոկրատական կուսակցության կողմից, ընտրությունների ավարտից հետո զանգահարել է հաղթած թեկնածուին ու ընդունել իր պարտությունը:










