Քրիստ Մարուքյանը «պատրանքներ չունի» Վանաձորում կնքված համաձայնագրի ապագայի վերաբերյալ

21:20 • 09.11.16

«Հայկական վերածնունդի» ու «Բարգավաճ Հայաստան»-ի հետ Վանաձորում համաձայնագիր ստորագրած «Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը «պատրանքներ չունի» համաձայնագրի ապագայի առթիվ:

«Մենք ստորագրած հուշագիր ունեինք, և ստորագրած հուշագիրը իր դերը չկատարեց հենց առաջին ընտրության ժամանակ: Այն, ինչ տեղի պետք է ունենար, ունեցել է արդեն առաջին նիստից ժամանակ: Դրանից հետո նոր մտավախություններ կամ պատրանքներ չունենք: Մենք ռեալ գնահատում ենք իրավիճակը և շարժվում ենք առաջ այն կոնտեքստում, ինչի մասին հայտարարել ենք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Քրիստ Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե չի՞ կարծում, որ Արթուր Բաղդասարյանը «դավաճանում է» իրեն, ինչպես 2008-ի մարտի 1-ի նախօրյակին «դավաճանեց» Լևոն Տեր-Պետրոսյանին:

Հոկտեմբերի 2-ին կայացած Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն և  ՀՅԴ-ն միասին ստացել էին ավագանու 15 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին՝ 18 մանդատ։

Վերջին երեք կուսակցությունները հուշագիր ստորագրեցին՝ քաղաքապետի ընտրություններում «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին ընտրելու մասին։ Սակայն գաղտնի քվեարկության արդյունքում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը: Պատճառն այն էր, որ հուշագիր ստորագրած երեք կուսակցություններից չորս հոգի քվեարկել էին հօգուտ Ասլանյանի։

Նշենք, որ իր ծննդյան 48-ամյակին «Հայկական վերածնունդի» նախագահ Արթուր Բաղդասարյանը հղած ուղերձով անդրադարձել է նաև Վանաձորին՝ ակնարկելով, որ Վանաձորի ավագանիում կարող է համաձայնության գալ ՀՀԿ-ի հետ:

«Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնալ այն քաղաքական ուժը, որ կազմելով իշխանություն, կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելով մեր ստացած քվեներից: Հռետորական հարց է առաջանում՝ ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել և ամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտա՞կ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա և իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման գործընթացի վրա՝ ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այս հարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել թերևս արժե»,- ասել է Բաղդասարյանը:

Tert.am-ի հարցին, թե իրենց համար տարօրինակ չէ՞, որ համաձայնագիր ստորագրած Արթուր Բաղդասարյանը համագործակցության առաջակ է անում ՀՀԿ-ին, Մարուքյանը պատասխանեց. «Մենք հիմա որևէ կերպ դա չենք գնահատում, սպասում ենք զարգացումներին, հետո կտանք գնահատական: Դրան կտրվի կուսակցական արձագանք, որովհետև խոսքը գնացել է կուսակցական մակարդակում մոդելների ձևավորման, կոալիցիայի ստեղծման մասին, որը որ այս պահին չեմ կարծում, որ տեղին է»։

Քրիստ Մարուքյանը Արթուր Բաղդասարյանի ուղերձը գնահատում է «որպես նորմալ ծննդյան օրվա ուղերձ»:

Իսկ այս պահին համաձայնագիր ստորագրած կուսակցությունները, ըստ Մարուքյանի, չեն հանդիպում: «Վերջին անգամ հանդիպել ենք նիստի օրակարգի հետ կապված: Քանի որ մեր հուշագիրն ունի կոնկրետ կետերի շուրջ համաձայնություն, մնացած բոլոր թեմաներով համատեղ աշխատանք չկա»,-ասաց Մարուքյանը:

Նշենք, որ Վանաձորի ավագանու նոյեմբերի 5-ին նախատեսված նիստը չկայացավ, քանի որ «Լուսավոր Հայաստանը» ավագանու նիստերի բոյկոտ հայտարարեց՝ փորձելով այդպես պարզել, թե ովքեր են նշված 4 անձինք, իսկ ՀՎԿ-ն և  ԲՀԿ-ն միացան բոյկոտին: