Թրամփի հաղթանակն անորոշության շրջան է բացում. Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն անորոշության շրջան է բացում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ամերիկյան ժողովուրդը քվեարկեց Դոնալդ Թրամփի օգտին: Ես շնորհավորում եմ նրան, քանի որ դա բնական է երկու ժողովրդավարական երկրների նախագահների հարաբերություններում: Իմ մտքերը նաև Հիլարի Քլինթոնի հետ են, որի հետ ես աշխատել եմ նախագահ Բարաք Օբամայի կառավարման ընթացքում: Այդ ընտրություններն անորոշության շրջան են բացում, և այդ մասին պետք է պարզորոշ ու հստակ հայտարարեմ»,-ասել է Օլանդը, հավելելով, որ ԱՄՆ-ը եղել ու մնում է Ֆրանսիայի հանգուցային գործընկերը:
Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան լե Ֆոլը հայտնել է, որ նախագահ Օլանդը ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
«Այսօր առավոտյան Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ: Խոսքը վերաբերում է ուժերի հաշվեկշռին աշխարհում, որտեղ մենք ապրում ենք: Այս ոչ դյուրին պահին Եվրոպան պետք է պահպանի ամբողջականությունն ու իր գործողությունների միասնությունը, ինչը, մասնավորապես, կախված է Ֆրանսիա-Գերմանիա զույգից»,-ասել է լե Ֆոլը՝ ամփոփելով Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախարարների կաբինետի նիստի արդյունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:










