Պակիստանն արտաքսել է հայտնի «աֆղանացի աղջկան»

17:31 • 09.11.16

Պակիստանի ոստիկանությունը հայտարարել է, որ արտաքսել է հայտնի «աֆղանացի աղջկան», որն այժմ 45 տարեկան է։ Նա գտնվում էր Փեշավարի հիվանդանոցում՝ անցած ամիս ձերբակալվելուց ի վեր, գրում է Deutsche Welle-ն:


Շարբատ Գուլան միջազգային ճանաչում է ձեռք բերել 12 տարեկանում, երբ նրա լուսանկարը 1985 թվականին հայտնվել է National Geographic ամսագրի շապիկին:


«Մենք արտաքսել ենք Շարբատ Գուլային Աֆղանստան»,- ասել է Փեշավարից 60 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Տորկհամ քաղաքի պաշտոնյաներից մեկը: «Նա ժամը մոտ 2:30-ին անցել է Աֆղանստանի սահմանը: Նրա հետ էին չորս երեխաները»,- հավելել է նա:


Շարբատ Գուլային ձերբակալել էին կեղծ փաստաթղթեր հայտնաբերելուց հետո, նա պատմել էր, որ ինքը Պակիստան է ժամանել 1979 թվականին Աֆղանստան խորհրդային ներխուժումից հետո: Նա տարիներ շարունակ ապրել է Փեշավարում իր երեխաների և ամուսնու հետ, որը մահացել է հինգ տարի առաջ: