Ուկրաինայի կառավարությունն ընդունել է Սաակաշվիլիի հրաժարականը
Ուկրաինայի կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականը: Նման որոշումը կառավարությունը կայացրել է՝ դիտարկելով կադրային հարցերը, գրում է korrespondent.net-ը։
«Հարցը քննարկել ենք: Ընդունել ենք»,- նիստից հետո լրագրողներին ասել է Ուկրաինայի էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Օստապ Սեմերակը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոյեմբերի 7-ին հայտարարել է, որ որոշում է կայացրել հրաժարական տալ՝ կոռուպցիայի դեմ պայքարելու իշխանությունների ցանկության բացակայության պատճառով: Բացի այդ, Սաակաշվիլին ասել է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն հովանավորում է երկրում գործող հանցավոր կլաններին:
«Ստեղծված իրավիճակում ես որոշել եմ հրաժարական տալ և պայքարի նոր փուլ սկսել»,- ասել է Սաակաշվիլին Օդեսայում տված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայում իշխանափոխությանը՝ երկրում ծաղկում է կոռուպցիան, և «ինչպես թալանում էին առաջ, այնպես էլ հիմա են թալանում»: Նա նշել է, որ «վերջին կաթիլն» իր համար դարձել է պաշտոնյաների եկամուտների մասին էլեկտրոնային հայտարարագրերի հրապարակումը:










