Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ հույս հայտնելով, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները դուրս կգան ճգնաժամից
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ իրենց համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի 2 պետությունների հարաբերությունները դուրս բերել ճգնաժամային իրավիճակից:
Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով, Միացյալ Նահանգների նորընտիր նախագահին ուղղված հեռագրում Պուտինը վստահություն է հայտնել առ այն, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև իրավահավասարության, փոխադարձ հարգանքի ու մեկը մյուսի շահերը հաշվի առնելու վրա հիմնված կառուցողական երկխոսության ստեղծումը համապատասխանում է ոչ միայն ռուս և ամերիկացի ժողովուրդների, այլև ողջ միջազգային հանրության շահերին:
Բացի այդ, Պուտինը Թրամփին մաղթել է հաջողություններ իր ստանձնած պատասխանատու պաշտոնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում. նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։
Նշվում է նաև, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող Հիլարի Քլինթոնը, որն առաջադրվել էր Դեմոկրատական կուսակցության կողմից, ընտրությունների ավարտից հետո զանգահարել է հաղթած թեկնածուին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին, ու ընդունել իր պարտությունը:










