Եվրոպական բանակի ստեղծումն անխուսափելի է. Եվրահանձնաժողովի նախագահ

10:16 • 10.11.16

Եվրոպական բանակի ստեղծումն անխուսափելի է, քանի որ ապագայում ԱՄՆ-ն դժվար թե հոգ տանի Եվրոպայի անվտանգության մասին: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նա Բեռլին է ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով և ելույթով է հանդես եկել Քոնրադ Ադենաուերի անվան հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը:


«Ամերիկացիներին մենք շատ ենք պարտական, նախևառաջ՝ այս երկիրը և այս քաղաքը, բայց նրանք երկարաժամկետ հեռանկարում հոգ չեն տանի եվրոպացիների անվտանգության մասին: Դա պետք է անենք մենք, և այդ պատճառով մենք պետք է նոր ընթացք տանք եվրոպական պաշտպանական միության հարցին ընդհուպ մինչև եվրոպական բանակի ստեղծումը: Դա ապագայի երաժշտությունն է, և այն արդեն հնչում է, միայն թե շատ եվրոպացիներ դեռ այն չեն լսում»,- ասել է Յունկերը:


Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին խոստացել է մինչև նոյեմբերի վերջ առաջարկներ ներկայացնել անվտանգության և պաշտպանության եվրոպական քաղաքականության ռազմական բաղադրիչի ուժեղացման վերաբերյալ: