Քուրդ զինյալները Վանում հարձակում են իրականացրել, թուրքական կողմն ունի զոհեր
Ներկայիս Թուրքիայի Վան նահանգի Էդրեմիթ շրջանում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները նոր հարձակում են իրականացրել, որի հետևանքով մահացել է գյուղական պահակախմբերի երեք անդամ և մի խաղաղ բնակիչ, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նշվում է, որ հարձակումն իրականացվել է ինքնաշեն պայթուցիկների միջոցով:
Դեպքից հետո Էդրեմիթ շրջանում թուրքական ԶՈՒ-ն օդային գործողություն է սկսել:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։










