Հազարավոր ամերիկացիներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով Թրամփի հաղթանակի դեմ (լուսանկարներ)
Հազարավոր ամերիկացիներ երկրի տարբեր քաղաքներում դուրս են եկել փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակի դեմ:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, մասնավորապես՝ Նյու Յորքում և Չիկագոյում բողոքի ակցիա են կազմակերպել հազարավոր մարդիկ, իսկ Ֆիլադելֆիայում և Բոստոնում՝ հարյուրավոր: Նմանատիպ ակցիաներ են անցկացվելու նաև Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում և Օքլենդում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Վաշինգտոնում մոտ 500 հոգուց բաղկացած ցուցարարների խումբը շարժվում է Սպիտակ տան ուղղությամբ:
Ցուցարարները նորընտիր նախագահին մեղադրում են ռասիզմի համար՝ վանկարկելով «Ասենք ո՛չ Կու Կլուքս Կլանին» (Կու Կլուքս Կլան- սպիտակամորթների ռասիստական խմբավորում-Tert.am):
Նշվում է նաև, որ մի շարք քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում. նա ստացել է ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։
Նշվում է նաև, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող Հիլարի Քլինթոնը, որն առաջադրվել էր Դեմոկրատական կուսակցության կողմից, ընտրությունների ավարտից հետո զանգահարել է հաղթած թեկնածուին ու ընդունել իր պարտությունը:










