Սավչենկոն նամակ է գրել Թրամփին
Ուկրաինայի գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն Facebook-ի իր էջում տեղադրած պաշտոնական նամակով դիմել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է korrespondent.net-ը:
Նա կոչ է արել միլիարդատիրոջը պահպանել և անգամ ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները:
«Այս նամակով ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել Ուկրաինայի միջազգային աջակցության և տարածքային ամբողջականության պաշտպանության խնդրին, քանի որ ԱՄՆ-ն մշտապես կանգնած է արևմտաեվրոպական արժեքների պաշտպանության ավանգարդում և միշտ աջակցություն է տրամադրել ուկրաինացի ժողովրդին»,- գրել է Ռադայի պատգամավորը:
Նրա խոսքով՝ աշխարհում չկա այլ երկիր, որն այդքան մեծ ուշադրությամբ է հետևել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին:
«Դիմում եմ Ձեզ ագրեսոր երկրի՝ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցների պահպանման և անգամ ուժեղացման խնդրանքով, քանի որ այդ երկիրը հասկանում է միայն ուժն ու վճռականությունը»,- ընդգծել է Սավչենկոն իր նամակում:
Բացի այդ, նա Թրամփին խնդրել է ուժեղացնել Ուկրաինայի միջազգային, տեխնիկական և ռազմական աջակցությունը:










