Ով կլինի ԱՄՆ հաջորդ պետքարտուղարը. ԶԼՄ-ները հայտնել են գլխավոր հավակնորդին

09:22 • 10.11.16

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնի հիմնական հավակնորդն է, ինչի մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:


Politico-ն Գինգրիչին անվանում է «Թրամփի առանցքային աջակիցը»՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ հենց նա է Միացյալ Նահանգների պետքարտուղարի ամենահավանական թեկնածուն:


Հայտնի է, որ պատասխանատու պաշտոնի հավակնորդների թվում են նաև Սենատի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Քորքերն ու  ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը:


Նշվում է, որ Թրամփի ղեկավարած վարչակազմը կստանձնի իր լիազորություններն ու պարտականությունները նորընտիր նախագահի՝ հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում. նա ստացել է ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։ 


Նշվում է նաև, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող Հիլարի Քլինթոնը, որն առաջադրվել էր Դեմոկրատական կուսակցության կողմից, ընտրությունների ավարտից հետո զանգահարել է հաղթած թեկնածուին ու ընդունել իր պարտությունը: