Այվազովսկու նկարներից ոչ մեկի անհետացման վերաբերյալ նյութեր չեն ստացվել, Ա․ Աթեշյանն էլ գործով ներգրավված չէ․ ՔԿ
Հովհաննես Այվազովսկու նկարներից ոչ մեկի անհետացման վերաբերյալ նյութեր ՀՀ քննչական կոմիտեում չեն ստացվել․Tert.am-ին պատասխանել են ՀՀ քննչական կոմիտեից ի պատասխան հարցման, թե արդյոք Քննչական կոմիտեում Այվազովսկու նկարներից մեկի անհետացման գործով ներգրավված է Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
«Նման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում որևէ քրեական գործ չի քննվում, հետևապես որևէ անձ ներգրավված լինել չի կարող»,- նշված է պատասխան նամակում:
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին «Պահանջում ենք պատժել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարգիս Հացպանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը ներգրավված է Հովհաննես Այվազովսկու հեղինակած նկարներից մեկի անհետացման քրեական գործում:
«Արամ Աթեշյանը հիմա Հայաստանի Հանրապետության հատուկ կարևորության քննչական կոմիտեում մի քրեական գործով անցնում է՝ իբրև ինչ, չգիտեմ, իբրև վկա՞, տուժո՞ղ․․․ չգիտեմ հենց այս նկարի գործով․իբրև թե Պոլսո պատրիարքարանից հայաստանցի մեկը վերցրել է այդ նկարը»,- ասել էր Սարգիս Հացպանյանը:










