Վահան Շիրխանյանի վիճակը ծայրահեղ ծանր է. եթե հենց հիմա դրա մասին չաղաղակենք, նա կարող է իր դատի օրվան չհասնել. փաստաբան
«Զինված հանցախմբի» գործով կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ահազանգեց՝ իր պաշտպանյալի վիճակը ծայրահեղ ծանր է. «Վահան Շիրխանյանի առողջական վիճակը հետզհետե վատանում է։ Ճիշտ է, մեզ փաստաթղթերով կարող են ցույց տալ, որ կատարվում են բժշկական բոլոր ստուգումները, հետազոտությունների է ենթարկվում, անգամ կարող են ցույց տալ, որ լավագույն մասնագետներն են հետազոտել ու նշանակումներ արել, բայց տեսնում ենք, թե ինչ դինամիկայով է առողջական վիճակը փոխվում»,-ասաց փաստաբանը:
Ալումյանը նշեց, որ իր պաշտպանյալը մի փաստ է ներկայացրել, որն իրեն ցնցել է:
«3 ամիս է նա չի կարողացել լոգանք ընդունել, քանի որ անհրաժեշտ է մեկ հարկ իջնել, չի կարողացել իջնել, ցնցուղի տակ կանգնել, որովհետև ի վիճակի չէ ուղղակի, և խոսքը մի մարդու մասին է, ով առողջ վիճակում է ձերբակալված եղել»,- ասաց նա:
Հայկ Ալումյանի խոսքով՝ Շիրխանյանը 11 օրվա ընթացքում 3 400 դեղահաբ է ստացել:
«Առողջ մարդը ձերբակալվել է և այսօր ինքնուրույն չի կարող տեղաշարժվել, անգամ 50 մետր քայլել, որ ինձ հետ տեսակցի: Նա գալիս է ձեռնափայտով և ՔԿՀ աշխատողի օգնությամբ, որ ինձ հետ տեսակցություն ունենա»,- ասաց նա և նշեց, թե գնալով ավելի ու ավելի մեծ տագնապ է առաջացնում այս վիճակը:
«Մենք գտնում ենք, որ այստեղ միտում կա անել այնպես, որ ինքն այլևս իր կենդանության օրոք չկարողանա ազատության մեջ գտնվել»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ սխալվել են, երբ կարծել են, թե ԶԼՄ-ների հետ անցյալ շաբաթ թույլ չեն տվել Վահան Շիրխանյանին հանդիպել, որպեսզի նրա խոսքը չտարածվի.
«Այդուհանդերձ, նաև նամակի ու այլ ձևերով այդ խոսքը տարածվում է: Եզրակացնում եմ, որ իրենք վախենում են, որ տեսնեք իրեն հիմա այդ վիճակով: Եթե տեսնեք ինչ վիճակում է գտնվում, իմ այս ասելն ավելորդ կլինի, որ իրեն այնտեղ աստիճանաբար սպանում են: Չեմ կարող ասել՝ դա արվում է դիտավորյալ ինչ-որ մեկի հրահանգով, թե ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ են իրենց պարտավորությունները ՔԿՀ-ում կատարում, բայց եթե հենց հիմա դրա մասին չաղաղակենք, կարող է մի քանի ամիս հետո պարոն Շիրխանյանը մահացած լինի: Նա պարզապես կարող է իր դատի օրվան չհասնել, դատարան չգալ»,-ասաց փաստաբանը և նշեց, թե իր պաշտպանյալը 15 րոպեից ավել չի կարողանում իր հետ զրուցել:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը ձերբակալվել է նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ նա կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (Հանցավոր համագործակցության մասնակցելը): Վ. Շիրխանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:










