Վանաձորի ավագանու երկրորդ նիստը երբ կհրավիրեն ու քվորում չի լինի, այն ժամանակ կխոսենք. Լոռու մարզպետ

19:18 • 23.11.16

ՀՀԿ Լոռու տարածքային խորհրդի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը   անլուրջ է համարում այն տեղեկությանը, թե ՀՀԿ-ի մարզային կառույցն ի աջակցություն Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի՝ հավաք պետք է կազմակերպեր, որն այդպես էլ չի կայանում:

«Այսինքն՝  հաղթած քաղաքապետն ինչի՞ պետք է միտինգ կամ հավաք անի, չեմ հասկանում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական մարզպետը:

Նշենք, որ Վանաձորի ավագանու կողմից հրավիրված առաջին նիստը չէր կայացել, քանի որ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ավագանու անդամները բոյկոտել էին, և քվորում չէր ապահովվել,  ինչի հետևանքով ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքապետի պաշտոնում ընտրված Մամիկոն Ասլանյանը հնարավորություն չի ստանում աշխատելու, հաստատելու քաղաքի բյուջեն և այլն:  

Մարզպետ Արթուր Նալբանդյանը զարմացավ, թե ինչպես է, որ քաղաքապետը չի կարողանում նիստ գումարել: «Կարա  մի նիստ հրավիրի ու քվորում չապահովվի, հիմա երկրորդ նիստը երբ որ կհրավիրեն ու քվորում չի լինի, այն ժամանակ նոր կարելի է խոսել»,-ասաց նա և պնդեց, թե հավաքի հարց չի էլ քննարկվել: Իսկ թե ինչ քայլեր են նախատեսում՝ չմանրամասնեց:

«Առաջացած խնդիրներն, իհարկե, լուծելի են, և ես չեմ կարծում, որ անլուծելի խնդիր կա»,-ասաց նա:

Հարցին՝ վստա՞հ են, որ երկրորդ նիստին քվորում կապահովվի, Լոռու մարզպետը պատասխանեց. «Դե  արդեն вокруг да около եք գնում, էլի…»: