«Լեռնային Ղարաբաղ»-ն «Արցախի հանրապետությամբ» փոխարինելով Արցախի ժողովուրդը կամբողջացնի իր անկախությունը. Ֆրանսուա Ռոշբլուան

20:29 • 23.11.16

Նոյեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահը հայտարարեց իր երկիրը՝ պատմական Արցախ անունով վերանվանվանելու հնարավորության մասին: Այս փոփոխությունը հնարավոր է տեղի ունենա ընթացիկ սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ, որոնք հիմնականում առնչվում են հիմնարար ազատությունների և քաղաքացիական իրավունքների դրույթներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, եթե բարեփոխումը հասնի իր ավարտին, երկիրը կազատվի իր կրկնակի անվանումից՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»-ից և կկոչվի միայն «Արցախի Հանրապետություն»:

«Սեփական բնակիչների կողմից տրվող մշտական անունով վերակոչվելը տրամաբանական զարցագումն է այդ պետության համար, որը մինչ այժմ հայտնի է ժամանակին բռնազավթողների կողմից նրան տրված օտարալեզու իր անվանումով: Անկախությունները այս կերպ են ամբողջացվում, երբ քաղաքականապես հասուն քաղաքացիները ժողովրդավարորեն ընտրում են սեփական երկրի անվանումը», -մեկնաբանեց Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը՝ հավելելով, որ «եթե որոշումն ընդունվի, դրանով իսկ Լեռնային Ղարաբաղը կհետևի Բուրկինա Ֆասո անվանակոչված Վերին Վոլտայի կամ Մյանմա անվանակոչված Բիրմայի օրինակներին»:

Սահմանադրական բարեփոխումների փաթեթը հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կայքէջում: Քննարկումներից և սահմանադրական հնարավոր բարեփոխումներից հետո այն կդրվի հանրաքվեի:

«Սահմանադրական բարեփոխումների ընդունման դեպքում Բարեկամության խումբը կհետևի Արցախի ժողովրդի ինքնիշխան որոշմանը և մենք կդառնանք Ֆրանսիա-Արցախ բարեկամության խումբ», - նշեց Ֆրանսուա Ռոշբլուանը: