Սերգեյ Կյուրեղյանի կալանքի ժամկետը երկարացվել է, գրավի միջնորդությունը՝ մերժվել. պաշտպան
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքի ժամկետը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:
«Դատարանը երկու ամսով երկարացրեց Սերգեյ Կյուրեղյանի կալանքի ժամկետը: Բացի այդ, նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացվել, որը նույնպես դատարանը մերժեց»,-ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ Սերգեյ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով անձին պատանդ վերցնելը կամ պահելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 5-8 տարի ժամկետով և 235 հոդվածի 3-րդ մասով՝ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմավորված խմբի կողմից, որն էլ պատժվում է 3-8 տարի ժամկետով:










