Թրամփը կդրժի խոստումն ու հետաքննություն չի սկսի Քլինթոնի նամակագրության գործով

14:55 • 23.11.16

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր հաղթանակի դեպքում նամակագրական սկանդալի թեմայով հետաքննություն սկսել մրցակից Հիլարի Քլինթոնի դեմ, պատրաստվում է դրժել խոստումը:


Ինչպես հայտնում է The Guardian-ը, Թրամփի օգնական Քելիեն Քոնվեյն ասել է, որ նորընտիր նախագահը պաշտոնը ստանձնելուց հետո չի աշխատի այդ հարցի ուղղությամբ:


Ավելի վաղ տված հարցազրույցի ժամանակ Թրամփն ասել է, որ իրեն այժմ այդ հարցն այդքան էլ չի հուզում: Բացի այդ, միլիարդատերը հավելել է, որ Քլինթոնն առանց այդ էլ ստիպված է եղել բազում դժվարությունների միջով անցնել:


Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ հեռուստաբանավեճերից մեկի ժամանակ Թրամփն ասել էր, որ նախագահ դառնալու դեպքում Քլինթոնը կհայտնվի ճաղերի հետևում, ինչպես նաև կհրահանգի հատուկ հետաքննություն սկսել նամակագրական սկանդալի գործով: