Ինչպես է Թրամփի փեսան ապահովել նրա հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում. Forbes

16:04 • 23.11.16

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դստեր ամուսինը՝ 35-ամյա Ջարեդ Քուշները, հսկայական, եթե ոչ վճռական դեր է խաղացել նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածուի հաղթանակի հարցում: Նման եզրակացության է եկել ամերիկյան Forbes ամսագիրը:


Ինչպես գրում է ամսագիրը, հրապարակումը հիմնված է նախընտրական արշավի մասին Քուշների առաջին հարցազրույցի, ինչպես նաև նրա շրջապատից բազմաթիվ մարդկանց հետ զրույցների վրա՝ Քուշների կնոջ և նորընտիր նախագահի դուստր Իվանկա Թրամփի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի, բիզնես մագնատներ Էրիկ Շմիդտի (Alphabet և Google ընկերություններ), Փիթեր Տիլի (PayPal), Ռուպերտ Մերդոկի (News Corp.): Վերջինս, մասնավորապես, հայտարարել է, որ առաջիկա 4-8 տարիներին Քուշները Սպիտակ տանն ունենալու է «ազդեցիկ ձայն, հնարավոր է անգամ՝ փոխնախագահից հետո ամենաազդեցիկ ձայնը»:


Ընդ որում՝ հոդվածում նշվում է, որ ձևավորվող աշխատակազմն օրենքում բացեր է փնտրում նախագահի փեսային պաշտոն տրամադրելու հնարավորության համար, ինչը թույլ չեն տալիս իրավական սահմանափակումները: Այնուամենայնիվ, ինչպես գրում է Forbes-ը, ոչ մի օրենք չի կարող խանգարել նախագահին խորհրդակցել նրա հետ, ում հետ նա ցանկանա:


Ամսագիրը նշում է, որ ի հակադրություն նրա, որ Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնն իր արշավի ժամանակ հիմնվել է հիմնականում ավանդական մեդիաների վրա, Թրամփի փեսան որոշել է շեշտը դնել սոցիալական մեդիաների վրա:


Forbes-ը գրում է, որ Թրամփը գրեթե չի կարողանում օգտվել համակարգչային տեխնոլոգիաներից, սակայն գիտակցում է սոցցանցերի նշանակությունը։ Այդ հարցում նա օգնություն է խնդրել իր փեսայից, որն էլ ծանոթներ է գտել Սիլիկոնյան հովտում։


Այդպես նա Թրամփին բրենդ է դարձրել Facebook-ում «միկրոթիրախավորման» միջոցով: Գլխարկների, վերնաշապիկների և նախընտրական արշավի խորհրդանիշներով այլ իրերի վաճառքը մեկ օրում 8 հազար դոլարից հասել է 80 հազար դոլարի: Այնուհետև Քուշները 160 հազար դոլար է ներդրել պարզունակ տեսանյութերի ձայնագրման և տարածման գործում, որտեղ Թրամփը պարզապես խոսել է՝ նայելով տեսախցիկին: Դրանք ընդհանուր առմամբ ավելի քան 74 միլիոն դիտում են ունեցել:


Նշվում է, որ հունիս ամսին նա արդեն իր հսկողության տակ է վերցրել վիրտուալ տարածքում ողջ աշխատանքը:


«Ջարեդը կարողացավ նվազագույն ծախսերով և նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ նախագահական արշավ կազմակերպել և հաղթանակ տարավ: Դա մեծ գործ է»,- ասել է Էրիկ Շմիդտը: