Հստակ չափորոշիչ չկա, որ ինչո՞ւ պետք է կրճատվի Պողոսը, իսկ Մարտիրոսը ոչ. Վահագն Խաչատրյանը ոգևորված չէ սպասվող կրճատումներով
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համար միանշանակ չէ, թե որքանով է արդարացված նորանշանակ կառավարության` պետական համակարգում հաստիքների կրճատման հայտարարված քաղաքականությունը:
«Ես չգիտեմ, ես պետք է դրա տակ տեսնեմ հստակ հաշվարկներ, թե ինչով է պայմանավորված, առհասարակ, էդ «կրճատում» հասկացությունը: Ո՞վ է երաշխավորելու, որ այս ճանապարհին թացն ու չորը իրար հետ չեն խառնվելու: Ո՞վ է ասում, որ այպիսի ծախսերի կրճատում չի գնում, որ վաղը մյուս օրն ափսոսանք, թե էդ ծախսերն ինչու ենք կրճատում»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց Վահագն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ավելի քան 1 ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց բոլոր գերատեսչություններին ներկայացնել առաջարկություններ՝ փոխելու իրենց կառավարման կառուցվածքը, և չթաքցրեց, որ հնարավոր է՝ կրճատվողների թիվը մինչև 1000-ի հասնի։ Այսինքն՝ 1000 ընտանիք կմնա առանց ապրուստի միջոցի:
Վահագն Խաչատրյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ չկան հստակ չափորոշիչներ, թե ինչու օրինակ` Պողոսը պետք է կրճատվի, Մարտիրոսը` ոչ:
«Եվ հենց առաջին օրվանից ինձ համար անընդունելի է այդ ոճը, որ նման ոգևորությամբ ու նման մեծ, հրապարակային քննարկման առարկա դարձավ այդ հարցը՝ առանց ներկայացվող հիմնավորումների»,-ավելացրեց տնտեսագետը:
Նշենք, որ պետական համակարգի բոլոր օղակներում սպասվող կրճատումներն ահուդողի մեջ են պահում տասնյակ հազարավոր մարդկանց, որոնց տնօրինությունները տեղեկացրել են, որ սպասվում են ատեստացիաներ ու կրճատումներ:
Հիշեցնենք, որ Պետական կառավարման համակարգում ընթացող կրճատումների առթիվ Հայաստանի պետական հիմնարկների արհմիությունը նոյեմբերի 2-ին նամակ է հղել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ առաջարկելով կանգնեցնել կրճատման գործընթացը` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հայաստանի օրենսդրության համաձայն` մինչ օպտիմալացման մասին որոշումը պարտադիր պետք է լինի արհմիությունների հետ խորհրդատվություն:










