Դատախազը պահանջեց Արշակ Սադոյանի որդու նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել, իսկ նախկին ոստիկանին դատապարտել 3 տարվա ազատազրկման
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Պետրոսյանը «Սասնա ծռերի» գործի շրջանակներում ամբաստանյալներ Արեգ Սադոյանի (Արշակ Սադոյանի որդին է) և Ռաֆայել Կարագյոզյանի նկատմամբ պահանջել է 3 տարվա ազատազրկում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արեգ Սադոյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը:
«Մեղադրող դատախազը Արեգ Սադոյանի նկատմամբ 3 տարվա ազատազրկում պահանջեց, սակայն միջնորդեց պատիժը պայմանականորեն չկիրառել: Ռաֆայել Կարագյոզյանի համար էլ մեղադրողը պահանջեց 3 տարվա ազատազրկում: Քանի որ Ռաֆայել Կարագյոզյանը ծառայել է Ոստիկանության զորքերում, բացի այդ հարվածել է ոստիկանին, մեղադրողը պահանջեց դատապարտել 3 տարվա ազատազրկման: Ինչ վերաբերում է Արեգ Սադոյանին, ով ընդամենը քաշել է ոստիկանի վահանը, պահանջեց նրան նույնպես մեղավոր ճանաչել և դատապարտել 3 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել»,- ասաց մեղադրողը:
Հիշեցնենք, որ ամբաստանյալներն այսօր ընդունել էին իրենց առաջադրված մեղադրանքը:
Նշենք, որ Ռաֆայել Կարագոզյանին և Արեգ Սադոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:










