Երեք տարբերակ Աստանայի անվանափոխության համար. ինչպես է առաջարկվում անվանափոխել Ղազախստանի մայրաքաղաքը
Շատ առաջարկներ են ստացվում այն մասին, թե ինչպես պետք է Ղազախստանի մայրաքաղաքի անվանման մեջ արտահայտվի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը, տարբերակների թվում են՝ Նազարբաև, Նուրսուլթան և Նուր-Աստանա: Այդ մասին հայտնել է խորհրդարանի սենատի տնտեսական քաղաքականության, նորարարական զարգացման և ձեռնարկատիրության հարցերով հանձնաժողովի նախագահ Ասկար Բեյսենբաևը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Չորեքշաբթի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Կուանիշ Սուլթանովը, ներկայացնելով անկախության տարիների ընթացքում հանրապետության հիմնական ձեռքբերումների վերաբերյալ հռչակագիրը, առաջարկել է մայրաքաղաքի անվանման մեջ արտահայտել առաջին նախագահի անունը:
«Աստանան այժմ բոլորի համար սովորական է հնչում, բայց երբ Ղազախստանի մայրաքաղաքն անվանում էին Աստանա, բոլորը դեմ էին՝ այդ ի՞նչ անուն է: «Աստանա» նշանակում է «մայրաքաղաք», այդ պատճառով մենք կարծում ենք, որ մեր պետության ղեկավարի արժանիքների ճանաչումը պետք է արտահայտվի պատմական փաստաթղթերում. դա Սահմանադրությունն է, մայրաքաղաքի անվանափոխությունը: Այսօր Նազարբաև բրենդը շատ մեծ օգուտ է բերում պետությանը՝ Ղազախստանին»,- ասել է սենատոր Բեյսենբաևը լրագրողներին:
Նա նշել է, որ քաղաքի անվանափոխության առաջարկները քննարկվելու են:
«Կարելի է Նազարբաև, Նուրսուլթան, Նուր-Աստանա: Դա կքննարկենք»,- հայտարարել է Բեյսենբաևը:










