Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնում է ֆրանսիայից պատգամավոր Ալեն Լամասուրը

18:09 • 24.11.16

Ֆրանսիայից եվրապատգամավոր Ալեն Լամասուրն առաջադրել է իր թեկնածությունը Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել այդ պաշտոնից 2017 թվականի սկզբին Մարտին Շուլցի հեռանալու մասին, գրում է ТАСС-ը:

«Եվրոպան աննախադեպ ճգնաժամի մեջ է՝ ներքին և արտաքին: Եվրոպական պետությունների միասնությունը դրված է հարցականի տակ: Անհրաժեշտ են կտրուկ միջոցներ ԵՄ երկրների միջև համերաշխությունն ամրապնդելու համար: Հենց այդ խնդրին եմ ես պատրաստ ուղղել իմ բոլոր ջանքերը»,- ասված է Լամասյուրի կոմյունիկեում:

Ֆրանսիացի եվրապատգամավորն ընդգծել է, որ առաջադրում է իր թեկնածությունը Եվրախորհրդարանում ամենամեծ խմբակցությունից՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունից:

Եվրախորհրդարանի ներկայիս ղեկավար Մարտին Շուլցի պաշտոնից հեռանալու մասին հայտնի է դարձել այսօր: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նոյեմբերի 24-ին տարածած պաշտոնական հայտարարությամբ հայտնել է, որ իր թեկնածությունը կդնի գերմանական Բունդեսթագի ընտրություններում: Նա նշել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը Եվրամիության օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնի համար:

«Անցած ամիսների ընթացքում ԶԼՄ-ները շատ ենթադրություններ են արել իմ ապագայի վերաբերյալ: Այժմ որոշում եմ կայացրել. չեմ առաջադրի իմ թեկնածությունը Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում՝ երրորդ անգամ ընտրվելու համար: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցանկով կառաջադրեմ թեկնածությունս` Բունդեսթագում ընտրվելու համար: Ես կշարունակեմ Եվրամիության ուժեղացմանն ուղղված գործունեությունս, բայց արդեն` ազգային մակարդակով», - ասել է Շուլցը: