Չեմ առաջադրի թեկնածությունս Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում. Մարտին Շուլց

14:29 • 24.11.16

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն իր թեկնածությունը կդնի գերմանական Բունդեսթագի ընտրություններում, հաղորդում է Tagesschau-ն: Քաղաքական գործիչը չի առաջադրի իր թեկնածությունը Եվրամիության օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնի համար: Այս մասին Շուլցը հայտնել է նոյեմբերի 24-ին տարածած պաշտոնական հայտարարությամբ:

«Անցած ամիսների ընթացքում ԶԼՄ-ները շատ ենթադրություններ են արել իմ ապագայի վերաբերյալ: Այժմ որոշում եմ կայացրել. չեմ առաջադրի իմ թեկնածությունը Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում՝ երրորդ անգամ ընտրվելու համար: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցանկով կառաջադրեմ թեկնածությունս` Բունդեսթագում ընտրվելու համար: Ես կշարունակեմ Եվրամիության ուժեղացմանն ուղղված գործունեությունս, բայց արդեն` ազգային մակարդակով», - ասել է Շուլցը:

Նշվում է, որ Մարտին Շուլցը դիտարկվում է նաև որպես Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերի իրավահաջորդ, որին Մեծ կոալիցիան հաստատել է որպես փետրվարին կայանալիք դաշնային նախագահի ընտրությունների միասնական թեկնածու: