Մոսկվայում այս տարվա սկզբին 4-ամյա երեխայի գլխատած ուզբեկ դայակին հոգեբուժարան են ուղարկել

17:34 • 24.11.16

Մոսկվայի Խորոշևսկի դատարանը որոշում է կայացրել այս տարվա սկզբին 4-ամյա երեխայի գլխատած ուզբեկ դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովային ուղարկել հոգեբուժարան՝ հարկադիր բուժման: Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությունում, գրում է lenta.ru-ն:


«Դատարանը վճռել է ազատել Բոբոկուլովային քրեական պատասխանատվությունից և նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադիր միջոցներ սահմանել»,- ասված է հաղորդագրությունում:


Հաղորդվում է, որ դատավճիռը դատապարտյալը չափազանց հանգիստ է ընդունել: Դատարանի կողմից որոշում կայացնելուց առաջ իր վերջին խոսքում Բոբոկուլովան խոստովանել է իր մեղքը: Նա նաև ներողություն է խնդրել սպանված երեխայի մորից: «Ներիր ինձ, Կատյա: Ես ծանր հիվանդացել եմ»,- ասել է կինը:


Ավելի վաղ դատախազությունը խնդրել է ազատել Բոբոկուլովային քրեական պատասխանատվությունից և նրան ուղարկել փակ ռեժիմի հոգեբուժարան: Հուլիսին դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներով՝ նա անմեղսունակ է ճանաչվել:


Բոբոկուլովան մեղադրվում էր 4-ամյա երեխայի սպանության համար: Նա ձերբակալվել է փետրվարի 29-ին Մոսկվայում մետրոյի կայարաններից մեկի մոտ երեխայի գլուխը ձեռքին բռնած շրջելիս: Ականատեսների խոսքերով՝ նա բացականչել է «Ալլահ Աքբար» և սպառնացել պայթեցնել իրեն: Կինը դայակ է աշխատել երեխայի ընտանիքում: Ենթադրաբար նա սպասել է մինչ ավագ երեխայի հետ ծնողները հեռանան տնից, սպանել է աղջկան, այրել բնակարանը և դուրս եկել փողոց: