Ամերիկացի դպրոցականը նախկին ընկերուհուն սպանելուց հետո սեր է խոստովանել նրան Twitter-ում

18:15 • 24.11.16

18-ամյա ամերիկացի դպրոցական Ռայլի Գոլը, որը մեղադրվում է իր նախկին ընկերուհի 16-ամյա Էմա Ուոքերի սպանության մեջ, ձերբակալությունից մի քանի ժամ առաջ սեր է խոստովանել նրան Twitter-ում:

The Independent-ը գրում է, որ Գոլը կրակ է բացել քնած Ուոքերի վրա նրա ննջասենյակի պատուհանից: Աղջկա մարմինը հայտնաբերվել է նոյեմբերի 21-ին` ԱՄՆ Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքում: Դրանից հետո երիտասարդը մի քանի գրառում է արել իր Twitter-ում`դրանք նվիրելով իր նախկին ընկերուհուն:

«Ամեն օր ապրում եմ շնորհիվ Էմա Ուոքերի: Սիրում եմ քեզ, գեղեցկուհի՛, և գիտեմ, որ այժմ դու ավելի լավ վայրում ես»,-գրել է նա: 

Նշվում է, որ հաջորդ օրը դպրոցականը կալանավորվել և մեղադրվել է դիտավորյալ սպանություն կատարելու համար։

Աղբյուրի տեղեկություններով` միջադեպից քիչ առաջ երիտասարդները բաժանվել են, սակայն Գոլը, ամենայն հավանականությամբ, հրաժարվել է հաշտվել այդ մտքի հետ: 

«Էման ցանկացել է առաջ շարժվել, սակայն Ռայլին հրաժարվել է ընդունել նրա որոշումը»,-պատմել է աղջկա մորաքույր Ջենի Ուելդոնը: