Թրամփը հաղթել է Միչիգանում՝ վերջին նահանգում, որտեղ հայտնի չէր ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթողի անունը

11:09 • 24.11.16

Դոնալդ Թրամփը հավաքել է ընտրողների ձայների մեծամասնությունը Միչիգանում՝ վերջին նահանգում, որտեղ հայտնի չէր ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հաղթողի անունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Թրամփն առաջ է անցել Դեմոկրատական կուսակցությունից իր հակառակորդ Հիլարի Քլինթոնից 10.704 ձայնով: Այս տվյալները ներկայացրել են նահանգի ընտրատեղամասերը, բայց մինչև ընտրությունների արդյունքների իսկությունը ստուգող հանձնաժողովի կողմից հաստատվելը համարվում են ոչ պաշտոնական:


Ինչպես գրում է Detroit Free Press-ը, եթե արդյունքները հաստատվեն, Թրամփը կդառնա Հանրապետական կուսակցությունից առաջին թեկնածուն, որ հաղթել է Միչիգանում 1988 թվականից ի վեր: Այդ նահանգում ընտրությունների արդյունքներով՝ հանրապետականը կստանա ընտրիչների լրացուցիչ 16 ձայն և ամբողջ երկրում կհավաքի 306 ձայն: Նրա հակառակորդ Հիլարի Քլինթոնը կունենա ընտրիչների 232 ձայն:


Ընտրիչները քվեարկելու են դեկտեմբերի 19-ին, իսկ 2017 թվականի հունվարի 6-ին արդյունքները հաստատելու է Կոնգրեսը: ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին: